Իհարկե, հեղափոխությանը զուգահեռ բազմաթիվ ոչ հրապարակային իրադարձություններ են ծավալվում Հայաստանում, բայց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած բանավեճը հրապարակային է: Եվ`խորքային: ՀՀԿ-ական Գրիգոր Ավալյանին ու ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանին պաշտպանելը կարևոր, բայց ոչ գլխավոր խնդիրն է:
ilur.am-ում երկրորդ պարզաբանման մեջ առաջին նախագահը գրել է «Դաշնակցության համար իրենց ավանդույթն ու կանոնադրությունը վեր է Հայաստանի Սահմանադրությունից, որի ընդունման նախաձեռնողներից ու ջատագովներից մեկը հենց ինքն է եղել ու այդ Սահմանադրությամբ հաստատված ընթացակարգով հայտնվել Աժ- ում: Ավելի պարզ ասած` ՀՅԴ-ն թքած ունի Հայաստանի Սահմանադրության վրա: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև ՀՀԿ-ին` իր պատգամավորներին հրաժարական պարտադրելու նույնօրինակ վարքի պատճառով: Թեև, ինչպես իմ նախորդ դիտարկման մեջ ես նշել էի, որ Հայաստանի բուռն իրադարձությունների ներկայիս փուլում իմ բարձրացրած հարցը կարող է մանրուք թվալ, շարունակում եմ պնդել, որ դա ամենևին մանրուք չէ, այլ իրավական պետության կայացման կարևորագույն պայման»:
Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Աժ նախագահին ու պատգամավորներին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` «ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով»: «Եթե դա չարվի, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն նշված կուսակցությունները, այլ նաև Աժ բոլոր պատգամավորները: Անթույլատրելի է, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունն սկսի հակասահմանադրական առաջին իսկ քայլով: Դրանում իրենց հերթին և առավելապես պետք է շահագրգռված լինեն նաև ընթացիկ քաղաքական շարժման ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը»:
Աղվան Վարդանյանի պարագայում ակնհայտ է ներկուսակցական խմբավորումների պայքարի հետևանքը: Իզուր է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` աննկուն դաշնակցակցականի կեցվածք ընդունած, հայտարարում, որ ՀՅԴ-ն ունի իր ավանդույթը, և այդ կուսակցության հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ: Կուսակցությունն ինքն է խաղեր տվել ու տալիս, ու` բացահայտ խաղեր: Մայիսի 1-ի Աժ հատուկ նիստում հրաժարվելով Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկել` Աղվան Վարդանյանը գիտեր` ինչ կարող է լինել և ամբիոնից հայտարարեց, որ պատրաստ է մանդատը վայր դնել: Ու` դրեց: Բայց կայծակնային արձագանքած ՀՅԴ ԳՄ-ն նրան ոչ միայն պարտադրեց մանդատը վայր դնել, այլև հեռացրեց կուսակցությունից: Դա հաստատում է, որ խնդիրը ոչ թե իր դրոշին «Մահ կամ ազատություն» գրած ՀՅԴ-ի սկզբունքայնությունը, ավանդույթների պահպանությունն է ու նման հեքիաթներ, այլ` ներկուսակցական տարաձայնությունների փաստը` Աղվան Վարդանյանը չի տեղավորվում ՀՅԴ-ի միշտ իշխանության հետ լինելու ուղեգծում, նա այլևս պետք չէ կուսակցությանը: Ի տարբերություն իր նախկին կուսակիցների, որ նույնիսկ ժամանակին ընտրություններում կարգախոս ունեին «Հին ընկերները չեն դավաճանում», Աղվան Վարդանյանը իրեն առավել քան շիտակ ու սկզբունքային է դրսևորում: Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով, և նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է, Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։ Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։ Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը և հաջողությամբ արել եմ։ Ավելին՝ գիտեմ նաև, որ կարող եմ չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումս ու մնալ պատգամավոր։ Բայց, բնականաբար, այդպես չեմ վարվի։ Սահմանադրականից զատ՝ կա խնդրի բարոյական կողմը։ Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ»: Տարօրինակ չէ՞, որ ՀՅԴ խմբակցության 7 պատգամավորներից ու մեկ դարը ծալած, երկրորդը կիսող կուսակցության անդամներից խնդրի բարոյական կողմի մասին մեկ մարդ է միայն հիշում: Ու նրան վտարում են կուսակցությունից: Խոսուն փաստ է:
ՀՀԿ-ն ևս արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին` տեղեկացնելով, որ ՀՀԿ պատգամավոր Գրիգոր Ավալյանը «օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, նրանք վայր չեն դրել մանդատը և չեն էլ պատրաստվում: Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են և անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու և որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին և համոզմունքերին համապատասխան»: Իհարկե, բոլորն ունեն անմեղության կանխավարկած: ՀՀԿ-ն կարող էր բերել և անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանի օրինակը, որ կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին ու մանդատը վայր չի դրել` մտքին, խղճին ու համոզմունքներին հարիր քվեարկությունից հետո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ու երկրորդ պարզաբանում-ռեպլիկների հիմքում անհատ պատգամավորների ճակատագիրը չէ: Առաջին նախագահը ԱԺ-ում փոքրամասնության կառավարության տարբերակից դուրս գալու ճանապարհ է ցույց տալիս, որ խորհրդարանական կառավարման պարագայում ռիսկային ու արտառոց ձև է: Թեպետ նույնքան ռիսկային է կեղծ ընդդիմության հետ կոալիցիա կազմելը, թեկուզ կարճաժամկետ: Օրենսդրականից զատ կա բարոյական խնդիր: Բարոյականության մասին վերջապես հիշելուց հետո սրընթաց մոռանալ ու քաղաքական հաշվարկների մեջ մտնելը ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ վարկաբեկում է հեղափոխության օրակարգն ու կերպարը: Ափսոս է Հանրապետության հրապարակը: Նույնիսկ կարճաժամկետ կոմպրոմիսները կարող են ավելի շատ վնասել, քան օգնել ճգնաժամից դուրս գալուն: Օրինակ` ի՞նչ ունի հեղափոխությանը տալու ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը` դեմագոգիայի ու կաշառակերության փո՞րձը: Համակուսակցական քամելեոնությու՞նը, թե՞ կեղծ պոպուլիզմը, որ գլուխ է բարձրացնում ճիշտ տեղում ու ճիշտ պահին: Իսկ ԲՀԿ-ական «բարեգործության» ավանդույթները արդեն անիմաստ է հիշեցնել արտահերթ ընտրություններից առաջ:
Նույնիսկ ժամանակավոր կառավարությունը, որ կոչված է լուծել կառավարման խնդիրները մինչև արտահերթ ընտրություններ ու նախապատրաստել այդ ընտրությունները, պիտի հստակ սկզբունքներ ունենա: Քաղաքական նպատակահարմարությունը որոգայթ է, որտեղ լավագույն մտադրություններից կմնան վատագույն հետևանքներ: Վաղը ԱԺ հատուկ նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության կազմավորման սկզբունքները ներկայացնի ու արտահերթ ընտրությունների ժամկետը հայտարարի: Հեղափոխության արդյունքները պաշտպանելու այլ տարբերակներ չկան, անորոշությունը գործարքների դաշտ է բացում, քաղաքական առևտրի շանս տալիս կեղծ ընդդիմադիրներին ու հեղափոխության մակաբույծներին, որի հետևանքն էր թավշե հեղափոխությունը, որին ոչ ոք չէր հավատում, բայց կատարվեց: